ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ ՓԱՐԱՔԱՐՈՎ

Մենք մի քանի օր առաջ անդրադարձել էինք Փարաքար համայնքում ձեւավորված վիճակին։ Ի դեպ, Փարաքար համայքում տիրող իրավիճակը՝ երեք տարի առաջ կայացած ՏԻՄ ընտրություններից հետո չի հանդարտվում։ Դեռ ընտրություններից հետո, երբ պարզվեց, որ ՔՊ-ն պարտություն է կրել, հաղթել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, իշխող կուսակցությունն իրեն բնորոշ ձեռագրով անցավ տեռորի եւ մութ գործարքների, որ իշխանությունը խլի հաղթող կուսակցությունից եւ ՔՊ-ն կոալիցիա կազմեց «Դավիթ Մինասյան» դաշինքի հետ ու տեղական իշխանություն ձեւավորեց: Կոալիցիայի պայմաններից մեկն այն էր, որ ընտրություններից հետո 5 տարվա կեսը2,5 տարին իշխելու է Դավիթ Մինասյանը, մյուս 2,5 տարին ՔՊ-ն:  2,5 տարին լրանալուն պես էլ, իշխանությունը նախ պաշտոնի հեռացրեց, ապա կալանավորեց Դավիթ Մինասյանինհամայնքապատկան գույքը իր ցանկալի անձին օտարելու մեղադրանքով: Համայնքապետ դարձավ ՔՊ-ի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանը: Սակայն ավագանին այլեւս չէր կարող նիստեր հրավիրել, որովհետեւ «Ապրելու երկիրը» մոտ 3 տարի բոյկոտում էր ավագանու նիստերը, իսկ Մինասյանի` կալանավորվելուց հետո առավել բարդանում էր քվորում ապահովելու հարցը:

Սակայն ի զարմանս բոլորի` օրեր առաջ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները մասնակցեցին ավագանու նիստին, դադարեցնելով բոյկոտը: Հենց այս փաստն էլ հիմք էր դարձել, որ ոմանք կարծեն, որ «Ապրելու երկրի» եւ ՔՊ-ի միջեւ «չհայտարարված դաշինք» է ձեւավորվել, որի արդյունքում «Ապրելու երկրի» ավագանիներն այլեւս մասնակցելու են նիստերին եւ անգամ պաշտոններ են ստանձնելու համայնքապետարանում:

Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Փարաքար-գեյթից»: Այսպես. Փարաքարի թեման մնացել է իշխանության կոկորդում եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ է զբաղվում այս հարցով: Նրա համար սկզբունքային է, որ Փարաքարում ՔՊ-ն իշխանություն լինի, ավագանին բնականոն գործի եւ իրենք հաղթած դուրս գան այս եռամյա հակամարտությունից: Իսկ դրա համար հարկավոր է, որ «Ապրելու երկիրը» թաքցնի «պատերազմի կացինը» եւ համագործակցի իշխանությունների հետ: Սակայն ընդդիմադիր խմբակցությունն ու իր առաջնորդը` Վալոդիա Գրիգորյանը համառում են: Բնականաբար, Փաշինյանը գործի է դրել քրեաիրավական լծակները, հրահանգել է բոլոր ուժայիններին «աշխատել» «Ապրելու երկրի» հետ: 

Մեզ ասացին, որ վերջին ամիսներին հնարավոր բոլոր եղանակներով ճնշումներ են գործադրվել, Վալոդիա Գրիգորյանին սպառնացել են նստեցնել իր հարազատներին, քրգործեր հարուցել ընկերների նկատմամբ` եթե ավագանու նիստերին շարունակեն չմասնակցել: Եւ այս սպառնալիքներն ազդել են խմբակցության անդամների վրա, որոնք որոշել են Գրիգորյանին այս նեղ կացությունից ազատելու համար մեկ նիստի մասնակցել: 

Մեզ հավատացրեցին, որ «Ապրելու երկիրը» պաշտոններ չի ստանձնելու, որ ՔՊ-ի հետ համագործակցություն, իրականում, չկա: Մենք, իհարկե, կհետեւենք իրադարձությունների զարգացմանը: Կուսակցությունից մեզ ասացին, որ բոյկոտը դադարեցրել են զուտ իրենց խմբակցության ղեկավարին ճնշումներից ազատելու համար: Ընդ որում, ճնշումներ գործադրողներն ազնվորեն խոստովանում են, որ «վերեւից են հրահանգ ստացել»: 
Ահա այսպիսի դեմոկրատական կարգեր է հաստատել Նիկոլ Փաշինյանը երկրում:

Արեգ Մարգարյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5cb0f4cf136adacc49dc8bc7c7be94b7

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *