ՌԴ-ն չի հրաժարվում Հարավային Կովկասում իր պատմական դերից․ ինչ առաջարկեց Պուտինը Բաքվում

Այս օրերին միջազգային և ռեգիոնալ հանրության ուշադրությունը բևեռված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան կատարած պետական այցի վրա։Նախօրեից՝ երեկոյան Պուտին-Ալիև-Մեհրիբան ոչ պաշտոնական շփումներով մեկնարկել է Պուտինի այցն Ադրբեջան։

Փորձագիտական հանրությանը հետաքրքիր է՝ ինչպես այցի աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ ռեգիոնալ կողմը։ Նրանց ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ այցի մասին պաշտոնապես հայտարարվեց Կուրսկ ուկրաինական ուժերի ներխուժումից, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցություններում Արևմուտքի անուղղակի տապալման ֆոնին։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավում նաև այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ խոսվում է Պուտինի Անկարա այցի մասին, սակայն այն չի կայանում ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով, սակայն այցը Բաքու կայացավ հայտարարելուց կարճ ժամանակ անց։Պուտինը Բաքվում Հարավային Կովկասի վերաբերյալ մի շարք ուշադրավ հայտարարություններ արեց։Նա նշեց՝ Ռուսաստանն էլ է բախվում ճգնաժամերի, «նախ և առաջ, իհարկե, ուկրաինական ուղղությամբ», սակայն Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասի իրավիճակին, այդ թվում՝ վերջին մի քանի տարիներին, թելադրում է նրան այդ իրադարձություններին մասնակցության անհրաժեշտությունը, «այն մասով, որտեղ դա պահանջված է կողմերի համար»։

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելուն, մասնակցել ճգնաժամի կարգավորմանն այն մասով, որտեղ դա պահանջված է կողմերի համար։ Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի խաղաղության համաձայնություն կնքվի, գործը հասցվի սահմանազատման, սահմանագծման, ապաշրջափակման… համապատասխան ուղղությունների լոգիստիկայում և տնտեսությունում, մենք ուրախ կլինեինք»,- ասել է Պուտինը՝ նեղ կազմով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում։

Պուտինը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել իրավիճակը Ղարաբաղի վերաբերյալ։

«Ես գիտեմ, որ Ադրբեջանը նպատակ ունի ավարտել բոլոր ընթացակարգերը՝ կապված լիակատար կարգավորման հետ, դա ինձ լավ հայտնի է»,- ասել է Պուտինը։

Նա Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում հայտնել է նաև, որ նախատեսում է բանակցությունների արդյունքների մասին պատմել Նիկոլ Փաշինյանին։

Թեև Ալիևն օդանավակայանում անձամբ չի դիմավորել ՌԴ նախագահին, սակայն շփումներն առաջին հայացքից անցել են ջերմ մթնոլորտում։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ պարզունակ կլիներ ՌԴ նախագահի այցն Ադրբեջան դիտարկել միմիայն հարավկովկասյան իրողությունների կոնտեքստում։

Նրա խոսքով, սա այց է, որը վերաբերում է ՌԴ ներկայիս առաջնահերթություններին, որոնք թելադրված են աշխարհաքաղաքական և ռեգիոնալ վերջին տարիների զարգացումներով։ «Բնականաբար, Ռուսաստանին, կարծում եմ, հետաքրքրում է, թե շատ հարցերով ինչպիսի դիրքորոշումներ ունի Ադրբեջանը հետագա համագործակցությունը, հատման կետերը ձևավորելու նպատակով, հատկապես, երբ Ռուսաստանը հայտարարել է Հյուսիս-Հարավ ծրագրում իր հետաքրքրությունների և առաջնահերթությունների մասին։ Ես կասեի, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից քննարկելու լայն դաշտ ունեն ներկայումս Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Ռուսաստանին հետաքրքիր է Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքավորումը»,- ասաց Լուկիանովը՝ նշելով, որ վերջնական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է։

Սակայն, վերլուծաբանի կարծիկքով, ռուս-ադրբեջանական այս շփումների «ներկապնակում» իր առանձնահատուկ տեղն ունի Հայաստան-Ադրբեջան օրակարգը։

«Ինչպես ասվեց, ՌԴ-ն ունի խնդիրներ, ճգնաժամեր, սակայն չի հրաժարվում իր պատմական դերակատարությունից Հարավային Կովկասում և պատրաստ է մասնակցել գործընթացին, համաձայնագրի կնքմանը։ Բնականաբար, այն մեծամասամբ բանակցված է, սակայն կողմերի համաձայնության դեպքում ՌԴ-ն վստահաբար կարող է ունենալ իր հավասարակշռող դերակատարությունը, որի մասին ավելի վաղ հայտարարվել էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից, առաջարկելով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպում Մոսկվայի հովանու ներքո։

Այս մասով, կարծում եմ, ՌԴ նախագահի այցի այս հատվածը ՌԴ ԱԳՆ առաջարկի ավելի բարձրաստիճան շարունակությունն էր, որը թեմային տալիս է կարևորություն, ՌԴ մտադրությանը՝ լրջություն։ Հեռակա առաջարկները լավ են, բանակցությունները՝ ևս, սակայն այցի ընթացքում դրա մասին հայտարարելն այլ է»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի, այս հարցում ՌԴ առաջարկի հաջողությունը կախված է նաև ՀՀ դիրքորոշումից։

«Չեմ կարծում, որ այն միանշանակ է լինելու, հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս իրողություններն ուկրաինական ճակատում։ Սակայն ՌԴ առաջարկի օգտին է նաև արևմտյան ջանքերի անհաջողությունը ՀՀ-Ադրբեջան գործընթացում։ Պետք է նշենք, որ Արևմուտքն իր ջանքերը փորձեց հաջողության հասցնել Երևանի միջոցով, իսկ ՌԴ-ն դա փորձում է անել Բաքվի միջոցով, թե որը կհաջողվի՝ բարդ է ասել, գուցեև որևէ կողմ չհաջողի»,- ասաց նա։

Վերլուծաբանը գտնում է, որ գործընթացը հայ-ադրբեջանական հարթությունում այնքան բարդ ու բազմաշերտ է, որ նույնիսկ համաձայնությունները կարող են ոչինչ չնշանակել։ «Ուստի այս պահին մենք գնահատում ենք դեռ գործընթացը, մտադրությունները, սակայն վերջնարդյունքի հարցում ոչինչ չենք կարող ասել»,- ասաց Լուկիանովը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *