«Երջանիկ քաղաքացին»՝ ընդդեմ homo politicus-ի. պետության վախճանը

Պետության կերպը, ձևը, դրանում ու դրանից դուրս իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունները, սոցիալական հարաբերությունները, տիրապետող արժեքները և բազմաթիվ այլ կառուցակարգեր, վերջին հաշվով, արտահայտում են դրանում ապրող հանրության պահանջարկը։Լավ կամ վատ, արժանապատիվ կամ ստորացած, նախաձեռնող կամ հարմարվող պետությունը լայն իմաստով հասարակության ներկայացրած քաղաքական պահանջարկի դրսևորումն է։ Նաև այս հարթությունում են գտնվում Հայաստանի ներկայիս իրավիճակի խորքային պատճառները։

Եվ բանալի արտահայտությունն այս դեպքում «քաղաքական» հասկացությունն է։ Այնպես չէ, որ մեր հասարակությունը չունի պետության կերպի վերաբերյալ պատկերացումներ, չի ներկայացնում պահանջներ կամ ակնկալիքներ։ Դրանք բոլորը կան, բայց դրանցից որևէ մեկը քաղաքական չէ։

Այսօրվա Հայաստանը՝ իր բոլոր արատներով, հասարակության ներկայացրած պահանջարկի խտացված արտահայտությունն է՝ իր իշխանությամբ ու ընդդիմությամբ, լայն զանգվածներով ու էլիտաներով, ներքին ճղճիմ ու արտաքին ստորաքարշ քաղաքականությամբ։ Բայց սա այն դեպքերից չէ, երբ Հայաստանում արմատավորված ինքնարդարացման մշակույթի համաձայն՝ պետք է մեղադրել հասարակությանը կամ միայն հասարակությանը, քանի որ հասարակությունը հետևողական, մեթոդական աշխատանքի, հսկայական տեղեկատվական ու քարոզչական ռեսուրսների միջոցով նպատակաուղղված կերպով հասցվել է ներկայիս իրավիճակին։Հայաստանն այսօր ունի ապաքաղաքական կամ ապաքաղաքականացված հասարակություն, որի շահառուներն են քաղաքական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ իշխանության գլխավորությամբ ու բազմաթիվ ընդդիմությունների մասնակցությամբ։

Ապաքաղաքական հանրությունը չի ներկայացնում քաղաքական պահանջներ և իր այն պահանջմունքները, որոնք օբյեկտիվորեն կարող են լինել բացառապես քաղաքական, բավարարում է ամեն ինչով, բացի իրական քաղաքականությունից՝ հայհոյանքով, կեղծ տեղեկատվությամբ, սպիտակ ու սև քարոզչությամբ, մանիպուլյացիաներով, ամենայնով, որում բացակայում է իրական, պրագմատիկ քաղաքական միտքը։

Ասվածի ոչ ամբողջական, սակայն պատկերավոր վկայությունն է տեղեկատվական դաշտում առկա իրավիճակը։ Ցանկացած լրատվամիջոցում, սոցիալական ամենատարբեր ցանցերում հազարավոր, տասնյակ-հազարավոր դիտումներ ու հավանումներ ունեն «փորձագետի» անվան տակ հանդես եկող այն գործիչների ելույթները, հարցազրույցները, որոնք ողողված են պաթոսով, բարձրագոչ պիտակավորումներով, հակառակ ճամբարի հասցեին զրպարտությամբ, հայհոյանքով, մեծախոսությամբ, որպես «քաղաքական միտք» ներկայացվող ապաքաղաքական աղբով։

Ընդ որում, ասվածը վերաբերում է՝ ինչպես իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր դաշտին։ Միևնույն ժամանակ երկու ճամբարներում էլ բազմապատիկ պակաս պահանջարկ ունի այն խոսքը, որում կա քաղաքական միտք, քաղաքական դատողականություն, քաղաքական առաջարկ կամ  այլընտրանք։ Այս ապաքաղաքական երկփեղկվածությունն արտահայտվում է նաև իշխանական և ընդդիմադիր զանգվածների վարքագծում։

Իշխանության աջակիցներն էքստազի մեջ են հայտնվում իշխանության ցանկացած հիմարությունից, որը որևէ աղերս չունի քաղաքականության հետ, նույն սկզբունքով ընդդիմության աջակիցներն ինքնամոռաց կերպով երկրպագում են ընդդիմադիր այս կամ գործչին կամ շարժմանը, որն իրականում որևէ քաղաքական բովանդակություն չունի։

Այս պատկերը գնալով խորանում է, ավելի ճիշտ՝ խորացվում է բոլոր նրանց կողմից ու միջոցով, ովքեր շահում են հասարակության ապաքաղաքականացվածությունից։

Իշխանությանը դա հնարավորություն է տալիս պետության հետ անել ամեն ինչ և չկրել, այդ թվում, քաղաքական պատասխանատվություն, իշխանության դեմ պայքարողներն էլ իրենց պայքարն են կառուցում ապաքաղաքական միջոցներով՝ ինքնաբերաբար նպաստելով քաղաքականության վերջնական վախճանին, որը մի օր կարող է նույնական դառնալ պետության վախճանի հետ։

Առանց քաղաքականություն պետություն չի լինում, իսկ եթե պատահաբար լինում է, ապա հաստատ չի կարող երկար գոյատևել։

Հայաստանի փրկությունը քաղաքականության վերադարձն է, իրական, բանական քաղաքականության վերադարձը՝ որպես պետական ու հանրային խնդիրների լուծման անայլընտրանք միջոց։

Այդ փրկությունը միևնույն ժամանակ դատավճիռ է բոլոր նրանց համար, ովքեր հանրության ապաքաղաքականացման միջոցով մսխում են պետությունից մնացած վերջին փշրանքները. Ոմանք՝ իշխանության, որոշները՝ ընդդիմության կարգավիճակում։

Ներկայումս Հայաստանում իրականացվող պաշտոնական, իշխանական քաղաքականությունը, որի հիմքում ընկած է «երջանիկ ապրելու», «երջանիկ քաղաքացու» պարզամիտ քարոչզությունը, ամբողջությամբ ծառայում է այդ՝ հասարակությանն ապաքաղաքականացնելու հակապետական նպատակին։

Քաղաքական մարդուն, քաղաքական մտածողություն ունեցող անհատին՝ homo politicus-ին, իշխանությունը հակադրում է «երջանիկ քաղաքացու» հայեցակարգը։

«Երջանիկ պետությանը», որի մասին ոտանավորներ է գրում Նիկոլ Փաշինյանը, պետք են հենց այդպիսի քաղաքացիներ, որը վերջարդյունքում վերածվելու է «երջանիկ ապուշների» հավաքականության։

Հարություն Ավետիսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *