Ադրբեջանը, մի կողմ դնելով իր հետևողական սպառազինվելու փաստը (ընդ որում՝ հարձակողական բնույթի զինատեսակներով), ինչպես նաև՝ Թուրքիայի հետ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական ծրագրերը, վերջին շրջանում դարձյալ թիրախում է պահում Հայաստանի զինվելու հանգամանքն ու պայմանավորվածությունները:Ընդ որում, եթե քաղաքական նպատակահարմարությունն Ադրբեջանի բանակի հզորությունը, անպարտելիությունը և 44-օրյա պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի թուլացած լինելը կամ ուժերը վերականգնված չլինելը ներկայացնելն է, ապա ադրբեջանական կողմը հիշում է 44-օրյայում իրենց բանակի հաղթանակած դուրս գալն ու «երկաթե բռնունցքը»:
Իսկ եթե խնդիրը հնարավոր սադրանքի համար լեգիտիմ հիմքեր ստեղծելն է և ներկայացնելը, որ Հայաստանն է պատրաստվում նոր պատերազմի, Ադրբեջանը ՀՀ զինված ուժերին հարձակողական լուրջ ուժեր է վերագրում, հիշում Արևմուտքի աջակցության մասին, այն դեպքում, երբ Արցախն ամբողջապես օկուպացնելուց հետո ապացուցում էին, որ 30 տարի հետո վերջապես միջազգային հանրությունը դեպի Ադրբեջան է շրջվել: Իհարկե, սրանում կար ճշմարտություն՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի օրերին, դրանից հետո Արցախում կատարված իրադարձությունների ֆոնին աշխարհի լռությունը, անտարբերությունը, կամ՝ Ադրբեջանին չպատժելու ցանկությունը:
Այս պահին քաղաքական շահն Ադրբեջանին թելադրում է երկրորդ տարբերակը՝ ներկայացնել, որ Հայաստանը զինվում է ժամանակակից և հարձակողական զինատեսակներով և պատրաստվում պատերազմի:Օգոստոսի 21-ին ադրբեջանական քարոզչական կայքերից caliber.az-ը բարձրագոչ վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ հղում անելով իր դիվանագիտական և ռազմական ստուգված աղբյուրներին, մասնավորապես, գրել է, թե՝ «վերջին շաբաթների ընթացքում Հայաստան են տեղափոխվել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային կայանները՝ 12 միավոր, հակատանկային հրթիռային համակարգեր և «օդ-օդ» դասի հրթիռներ և այլն»:
Եվ, որ «ռազմական փորձագետների դիտարկմամբ, ֆրանսիական հրթիռները համապատասխան մոդիֆիկացիայից հետո կարող են տեղադրվել ՀՀ զինանոցում առկա ռուսական Սու-30-ների վրա»:
Ընդ որում, Ադրբեջանը գրում է, թե ֆրանսիական զենքն Իրանի միջոցով է հասել Հայաստան, ավելին, չնայած Իրանի պաշտոնական հերքմանը, որ Հայաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական պայմանագիր չի կնքվել, Ադրբեջանը պնդում է, որ այս մասին տարածված տեղեկությունը, բնավ էլ, ֆեյք չի եղել:
Եվ այս ամենը Բաքվի պաշտոնական շրջանակներում մտահոգության և հիասթափության տեղիք է տվել՝ ըստ ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցի:
Այս համատեքստում հարկ է հիշել մի քանի կարևոր հանգամանք:
Առաջին, այո, Հնդկաստանից որոշակի սպառազինություն, ըստ տարբեր աղբյուրների, Հայաստան հասել է, Ֆրանսիայի KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության հետ Հայաստանը կնքել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, ինչը ենթադրում է CAESAR ինքնագնաց հրետանային կայանների մատակարարում, բայց սա չի նշանակում, որ Հայաստանը գնում է պատերազմի:
Երկրորդ, զենքի գնումը ենթադրում է լոգիստիկ լրջագույն խնդիրների հաղթահարում: Եվ հիմա, երբ Ադրբեջանը պնդում է, որ Իրանը բացել է իր ճանապարհը ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայից եկող զենքի համար, ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը կարողացե՞լ է Իրանի հետ լեզու գտնել և որոշակի հավաստիացումներ տալ, թե՞ սա կարող ենք դիտարկել նաև Իրան-Ֆրանսիա հարաբերությունների հարթություն, այլապես ասել, որ Իրանը թույլ է տվել իր տարածքով ֆրանսիական զենքի տեղափոխում Հայաստան, միայն տեխնոլոգիական «գողության» շարժառիթներից ելնելով, թերևս, այդքան էլ ճիշտ չէ:
Երրորդ, նշենք, որ հունիսին ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուսսոնը տեղեկացրել էր, որ 36 միավոր CAESAR է Հայաստանին մատակարարվելու՝ առաջիկա 15 ամիսների ընթացքում:
Ավելի ուշ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ «Հայաստանը, Խորվաթիան և Էստոնիան պատվիրել են 60 միավոր»:
Այսինքն, մոտ 2 ամսվա ընթացքում պատվիրված ինքնագնաց հրետանային միջոցները հասցնել Հայաստա՞ն: Հանուն արդարության՝ պետք է նշել, որ ադրբեջանական նմանօրինակ հրապարակումները երբեմն հիշեցնում են արևմտամետ որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք, փորձելով ընդգծել Արևմուտքի դերը ՀՀ անվտանգության հարցում, երբեմն իրողությունը չափազանցված են իրականացնում:
Իսկ սպառազինության գնման գործընթացը լռություն է սիրում, և պետք չէ տարբեր շարժառիթներից ելնելով՝ վտանգել ՀՀ անվտանգային խնդիրների լուծումը:
Այս առումով ՀՀ պաշտպանության նախարարությունն առավել զգուշավոր է, քան իշխանության որոշ ներկայացուցիչներ, արևմտամետ քաղաքական գործիչներ և փորձագետներ, ինչպես նաև՝ ՀՀ գործընկերները, որոնց դեպքում սպառազինության մատակարարման հետ կապված, այսպես ասած, ոչ զուսպ կեցվածքը բիզնես շահ է հետապնդում:
Այլ հարց է, որ պաշտպանության նախարարությունը հնարավորինս պետք է փորձի զսպել նրանց:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա էմոցիոնալ երկիր չէ, և եթե պաշտոնապես հերքել են Հայաստանին զենք մատակարարելու տեղեկությունը, չպետք է փորձել փորփրել, որը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ էլ Հայաստանի շահից, հատկապես, երբ նման թեմաների գեներացման հարցում Ադրբեջանն իր հեռահար նպատակներն ունի:
Չորրորդ, Հայաստանի զինանոցում դեռ մեծ տեղ ունի ռուսական սպառազինությունը, էլ չենք ասում, որ կա սպասարկման խնդիր, և մեր երկիրն առնվազն այս առումով «կախվածության» մեջ է ՌԴ-ից:
Ի դեպ, Ադրբեջանը լավ կանի՝ վիճակագրություն ներկայացնի Ադրբեջան-Ֆրանսիա ռազմատեխնիկական երբեմնի համագործակցության հետ կապված, որոնց արդյունքները բավականին ուշագրավ էին, և, որ այսօր Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները չեն ազդում բիզնես շահերի վրա՝ ֆրանսիական Total Energies-ը շարունակում է գործունեությունն Ադրբեջանում:
Հոդվածի թեմայի համատեքստում անդրադառնանք նաև ադրբեջանական caliber.az-ի՝ իբր օգոստոսի 2-ին և 3-ին ամերիկյան ինքնաթիռ Հայաստան մտնելու փաստերին, թե ԱՄՆ-ը անձնակազմ և ռազմական բեռ է բերել դրանցով:
168.am-ն անդրադարձել էր նման տեղեկությունների տարածման ադրբեջանական մոտիվացիային:
Մեր հավաստի տեղեկություններով, երբ հուլիսի 15-ից հուլիսի 24-ը Հայաստանում ավարտվել է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, դրան հաջորդող օրերին, այդ թվում՝ օգոստոսի սկզբին, ԱՄՆ-ը իր բերած անձնակազմը և տեխնիկան մի քանի չվերթով Հայաստանից հանել է, և Ադրբեջանը հենց այս նպատակով ամերիկյան ինքնաթիռների մուտքն է Հայաստան ֆիքսել:
Ի դեպ, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին օրերս ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք մատակարարելուն, նշել էր.
«Ես որևէ փաստացի տեղեկություն չունեմ ձեր նշածի վերաբերյալ և չեմ կարող մեկնաբանել հրապարակված լուրերը»: