«Լավ, ինչքա՞ն կարելի է տոլմայի, խաչապուրիի, գաթայի, Աննա Հակոբյանի փառատոն անցկացնել. մի օր մեր արժեքներին էլ թող ուշադրություն դարձնեն». Հայկ Բաբայան

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց՝ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ։ Այդ տարածքում կկառուցվի Ակադեմիական քաղաքը։

«Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս՝ ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են՝ ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։ Այդ նպատակով պետք է ապահովվի սեփականատերերի արդարացի և համարժեք փոխհատուցումը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Հետևաբար, Կառավարությունը նպատակահարմար է գտել, որ սեփականության օտարման գործընթացը թե՛ գործիքակազմի, և թե՛ փորձառության տեսանկյունից պետք է կազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։

Երբ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում Կառավարության այս որոշմանը, մասնավորապես՝ «Հայֆիլմի» տարածքը վերցնելուն և այնտեղ Ակադեմիական քաղաք կառուցելուն, հեգնեց՝ ասելով՝ «Հայաստանը կառավարություն ունի՞», այնուհետև հավելեց՝ Կառավարության որևէ քայլի լուրջ չի վերաբերվում։«Այս իշխանության, Կառավարության համար «Հայֆիլմ» գոյություն չունի, դրան վերաբերվում են՝ զուտ որպես բեռ-տարածք, շենք-շինություն, որը դարձել է ծախսի «բուն»։ Այս քայլով ուզում են ազատվել «Հայֆիլմից» ու ամեն ինչ խցկում են մի ափսեի մեջ։ Բերել լուրջ-լուրջ բաներ են քննարկում, Ակադեմիական քաղաք, երբեմն, որ այս անունները կարդում եմ, տպավորություն է, որ ես ապրում եմ Ֆրանսիայում, Ճապոնիայում, Շվեյցարիայում։ Հայաստանի Կառավարությունն Ակադեմիական քաղաք կառուցելուց առաջ նախ պետք է հասկանա, թե այնտեղ ովքե՞ր են սովորելու, գուցե այն մարդիկ, որոնք ծխախոտով, «Նիվաների» ղեկերին նստած՝ ամեն օր գնում-գալի՞ս են»,- 168.am հետ զրույցում նշեց Հայկ Բաբայանը։

Նրա խոսքով՝ կրթության ոլորտում բարեփոխում անելը չի ենթադրում ոտնատակ տալ բոլոր արժեքները ու ջնջել պատմությունը, օրինակ, երբ մարդը տարիներ առաջ սովորել ու ավարտել է Կոնսերվատորիան, այդ շենքի մոտով քայլելիս նրա մոտ լավ հիշողութուններ, էմոցիաներ են առաջանում։ Հիմա ուզում են նույնիսկ այդ հիշողությունները, էմոցիաները ոչնչացնեն։

«Ես առաջարկում էի, որպեսզի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտը տեղափոխեն «Հայֆիլմի» տարածք, գոնե ուսանողները պրակտիկա կանցնեն, սենյակները կդառնան լսարաններ, թատերասենյակներ և այլն։  Թե չէ, չեմ պատկերացնում, որ նկարիչը կամ ռեժիսորը կարող է լինել չորս պատի մեջ։

Եթե ժամանակին մեր ավելի տարիքով ռեժիսորների մեջ նախանձը մեծ չլիներ, միմյանց հանդեպ հարգանք լիներ, ապա իրավիճակն այլ կլիներ։

Օրինակ, Ճապոնիայում ինչպե՞ս է՝ թատերական ինստիտուտի ռեկտորը կարող է պահանջ ներկայացնել Կառավարությանը, որպեսզի այս կամ այն մշակութային օջախը պահեն, վերանորոգեն և այլն, և դա արվում է։ Իսկ մեզ մոտ այդպես չեն, բոլորն ասում են՝ դե, իմ պաշտոնավարմանը մի քանի տարի է մնացել, պաշտոնավարեմ, անցնեմ հանգիստ թոշակի, չխառնվեմ, ամեն մեկն աջը քաշած ապրում է, արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք»,- հավելեց Հայկ Բաբայանը։

Ռեժիսորը շեշտեց՝ տարիներ շարունակ պայքարել է «Հայֆիլմի» համար, բայց պետք է գան կայուն ժամանակներ, որպեսզի մարդը ոչ թե անընդհատ պայքարի, այլ համակարգված ապրի։

«Օրինակ, պատկերացնո՞ւմ եք՝ Ճապոնիայում մարդն անընդհատ բողոքի ակցիաներ, հացադուլ անի, բայց նրա խնդիրը չլուծվի, մեզ մոտ այդպես է։ Մենք պայքարելով ենք մեր արժեքները պահպանում, լավ, ինչքա՞ն կարելի է տոլմայի, խաչապուրիի, գաթայի, Աննա Հակոբյանի փառատոն անցկացնել, մի օր մեր արժեքներին էլ թող ուշադրություն դարձնեն։ Լավ, չեն աշխատում այս կամ այն ոլորտում, թող հեռացնեն, ոչ թե ասեն՝ վայ, չէ, սա Պողոսինն է, Պողոսը Կանադայում է ապրում, պիտի որևէ բանի ձեռք չտանք»,- եզրափակեց Հայկ Բաբայանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *