Մի քանի օր է՝ իշխանամերձ շրջանակներն ու հայկական արեւմտամետներն աղմկում են Բաքվում ռուս-ադրբեջանական բանակցությունների շուրջ, թե դրանց առանցքում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցն է եղել, որի մասին վկայում է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանին ուղղված զգուշացումը, որ մենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ենք սաբոտաժի ենթարկում։
Հիշեցնենք․ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի իշխանությունը «սաբոտաժի» է ենթարկում, հենց Ադրբեջանի մայրաքաղաքում հնչեց։ Իսկ Երեւանից կոչ արեցին Մոսկվային՝ կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել թե՛ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, թե՛ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը: ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ Երեւանը նաեւ կասկածի տակ դրեց հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական դերը:Իշխանական քաղաքագետները պնդում են, որ ապաշրջափակման թեմայի ակտիվացումը ոչ միայն Ադրբեջանի առաջնահերթություններից է, այլեւ՝ Ռուսաստանի՝ տարածաշրջանում ազդեցությունն ամրապնդելու նպատակով։ Օգոստոսի սկզբներին, մինչդեռ, հայտնի դարձավ, որ Երեւանն ու Բաքուն հետաձգել են «միջանցքի» հարցը։
Նախ՝ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են տրանսպորտային երթուղիների, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի հարցը լուծել ավելի ուշ փուլում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, այնուհետեւ դա հաստատեց նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով, Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի գլխավոր նպատակն Իրանի հետ հաղորդակցական ուղղությունների վերաբերյալ էր, ոչ թե Զանգեզուրի միջանցքի։ «Խնդիրն Իրանի հետ հաղորդակցական ուղիների վերաբերյալ է, որն անցնում է Ադրբեջանով․ մեկը՝ Կասպից ծովով, մյուսըհենց Ադրբեջանով։ Ես գիտեմ, որ կոնկրետ խոսակցություն է գնում այդ ճանապարհի հնարավորությունները կրկնապատկելու վերաբերյալ։ Իսկ Լավրովի անդրադարձը նոյեմբերի 9-ի փաստաթղթին, իմ կարծիքով, այն նպատակով է, որ ոչ այնքան Ռուսաստանն ուզում է միջանցքը բացել, որքան թույլ չտալ, որ այլ երկրի վերահսկողություն սահմանվի: Ի վերջո, քաղաքագետների որոշ շրջանակ արդեն քննարկում է, որ միջանցքի վերահսկողությամբ զբաղվելու է նիդերլանդական կազմակերպություն, անգամ ասվում է, թե դա չի վնասի ՀՀ ինքնիշխանությանը, որովհետեւ նիդերլանդացի մաքսավորները կաշառք չեն վերցնի եւ այլն։ Ռուսաստանն ընդամենը հիշեցնում է, որ ինքը, մեղմ ասած, համաձայն չէ դրան»,- ասաց Զոլյանը
ընդգծելով, որ միջանցքը նախեւառաջ Ադրբեջանին է պետք, իսկ Ռուսաստանը, մեծ հաշվով, դեմ չէ միջանցքին, ամբողջ խնդիրը վերահսկողությանն է վերաբերում:
2020 թվականից հետո Ադրբեջանը Հարավային Կովկասի կենտրոն է դարձել, այդ փաստի հետ հաշվի է նստում նաեւ Ռուսաստանը, քաղաքագետի համոզմամբ՝ հենց սրանով էր պայմանավորված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցը։ «Շատ ցավալի է, որ Հայաստանն այլեւս որպես գործոն, կողմ չի ընկալվում, եւ սրանով է պայմանավորված Պուտինի հեգնական ակնարկը, որ ինքը Հայաստանի վերաբերյալ քննարկումների մասին անպայման պատմելու է Վովաեւիչին։ Սա անչափ վիրավորական է, որքան էլ Պուտինը հատուկ, բավականին զուսպ է արտահայտվել, բայց մենք տողատակերում նկատում ենք ակնարկը, որ Հայաստանն այլեւս որեւէ գործոն չէ։ Այն, ինչ չի ասում Պուտինը, ասում է Լավրովը: Ինչ Լավրովը չի ասում, ասում է Զախարովան։ Պատահական չէ, որ սրան հաջորդեց Լուկաշենկոյի անտակտ հայտարարությունը, որով փորձեցին բնորոշել իրավիճակը, ասել, որ Հայաստանի շահերի հետ կարելի է հաշվի չնստել»։
Վերջին տարիների գործընթացները հուշում են, որ Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին, ինչի մասին հրապարակային հայտարարել է, մինչդեռ Հայաստանը որեւէ հրապարակային խոստման հետամուտ չի եղել։ «Հիմա էլ հայտարարվեց, թե խաղաղության պայմանագրում չեն ներառվի ո՛չ ճանապարհների ապաշրջափակման, ո՛չ Հռչակագրի վերաբերյալ կետերը, բայց, իմ կարծիքով, այս բոլոր հայտարարությունները ոչինչ չեն նշանակում, քանի որ Ադրբեջանը հասնելու է իր բոլոր հայտարարված նպատակներին, ուստի, ըստ այդմ կարող ենք ասել, որ հաջորդը լինելու է անկլավների հարցը, որից հետո նոր կբարձրաձայնեն միջանցքի մասին։ Ալիեւն իր ապագա անելիքների մասով պարբերաբար «իրազեկման ակցիաներ» է իրականացնում, եւ թե ինչպես պետք է իրականանա իր՝ «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը։ Եթե առաջիկայում որեւէ փաստաթուղթ ստորագրվի, գուցե դա լինի առանց միջանցքի, Հռչակագրի, բայց անպայման լինելու է անկլավների հարցը։ Իսկ եթե Տիգրանաշենն ու իր ճանապարհներն անցնեն Ադրբեջանին, ապա Սյունիքի հարցն ինքնաբերաբար է լուծվելու»,- եզրակացնում է մեր զրուցակիցը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/417271266575cf5ba3529df8cc97e316
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/417271266575cf5ba3529df8cc97e316
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»