Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. այս մասին պաշտոնական հաղորդագրություններ են տարածել և ՀՀ կառավարությունը, և Կրեմլը։
Ըստ Կառավարության հաղորդագրության, Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։
«Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ Վլադիմիր Պուտինը Բաքվում հանդիպել էր Ալիևի հետ, ասել էր, որ այդ հանդիպման վերաբերյալ կխոսի Նիկոլ Փաշինյանի հետ։Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ ՌԴ նախագահն է Նիկոլ Փաշինյանին փոխանցում Ալիևի հետ հանդիպման արդյունքնները, քանի որ հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններ, կարելի է ասել, այս պահին չկան։
Նա հիշեցրեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի գնաց Գրանադա, հայտարարել էր, որ այժմ որևէ բան չի խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
«Փաշինյանը նկատի էր ունեցել, որ Ադրբեջանը ջարդի ու ոչնչացման էր ենթարկել Արցախը, հետևաբար՝ արդեն խոչընդոտող որևէ բան չկա պայմանագիրը ստորագրելու համար։ Սակայն Գրանադա ո՞վ չգնաց՝ Ալիևը, ուստի կարող ենք ասել, որ վերջին շրջանում Ալիևը Փաշինյանի հետ չի էլ հանդիպում։
Առանձին որոշակի հանդիպումներ արևմտյան միջնորդների ստիպմամբ եղել է, բայց բացառության կարգով։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահին, ապա նա ուզում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանան իր միջնորդությամբ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրանտ Միքայելյանը։
Հարցին՝ Մոսկվան պաշտոնապես հայտարարել էր, որ կարող է հարթակ լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների համար, կարելի՞ է ասել, որ այս պահին հայտարարությունը տեղափոխվում է գործնական դաշտ, Հրանտ Միքայելյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ ժամանակին Մոսկվան բանակցությունների համար հարթակ եղել է։
«Մոսկվան եղել է բանակցությունների հարթակ և թե՛ Երևանը, թե՛ Բաքուն այդ հարթակից դուրս են եկել 2022 թվականի կեսերին՝ տեղափոխվելով բրյուսելյան և վաշինգտոնյան հարթակներ։ Պարզ է, որ այստեղ Մոսկվան ազդեցություն չուներ։ Ավելին՝ կարող ենք հիշել, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում և 2023 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի միջնորդությամբ հաստատել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Այդ պահից սկսած՝ հայ-արդբեջանական բանակցությունների հիմնական միջնորդները հանդիսացել են ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները»,- հավելեց քաղաքագետը։
Ըստ նրա, Ադրբեջանն այսօր հայտարարում է, որ իրեն բանակցություններ պետք չեն, իսկ եթե բանակցի, ապա առանց միջնորդների՝ ուղիղ Հայաստանի իշխանության հետ։
«Ադրբեջանն ուղիղ բանակցությունների կողմնակից է, որին ոչ ֆորմալ կարող է մասնակցել նաև Թուրքիան, իսկ Հայաստանը միայնակ կլինի, որպես հարթակ՝ դիտարկում են կա՛մ ղազախստանյան հարթակը, կա՛մ վրացականը։ Այս երկու հարթակներն էլ ունեն թեթև ադրբեջանամետություն, ի վիճակի չեն ապահովել չեզոքություն։
Ադրբեջանն այլևս չի ուզում Հայաստանի հետ բանակցություններում ունենալ որևէ միջնորդ՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի տեսքով։ Եթե նույնիսկ միջնորդ լինի, ապա այն պետք է լինի Ադրբեջանի առավելապաշտությունը լեգիտիմացնող, միայն այդ դեպքում նա կհամաձայնի միջնորդով բանակցել։ Հիմա գուցե Ռուսաստանի կողմից որոշակի լեգիտիմացում ստանա, և, օրինակ, այսպես կոչված ճանապարհների բացման, այնուհետև «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք լինի»,- եզրափակեց Հրանտ Միքայելյանը։