Փաշինյանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի պահանջը կատարելու համար

Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995 թվականին, տեղ գտավ և մինչև օրս առկա է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում, բայց «սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են»:

Որպես ասվածի ամենավառ ապացույց՝ Փաշինյանը հիշատակել է Հռչակագրի 5-րդ կետը, որտեղ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»:

Այսինքն, ըստ Փաշինյանի, «չնայած Հռչակագրի նման ձևակերպմանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական և հասարակական անվտանգության մարմինները երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչև 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը»:

Սա թույլ է տվել Փաշինյանին պնդելու, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացիԿարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը սրանով Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից դուրսմղելու լեգիտիմ հիմք է ստեղծում, ընդ որում՝ փորձելով ցույց տալ, թե միևնույն է՝ նախկինում էլ դրա ամբողջ բովանդակությունը չի մտել Սահմանադրություն:

Իրականում Նիկոլ Փաշինյանի մատնանշած վերոնշյալ օրինակը ոչ այլ ինչ է, քան նկատել ձևը և ոչ թե բովանդակությունը, հատկապես, երբ Հռչակագրի 5-րդ կետը կիսատ է մեջբերվել:

Այնտեղ նշվում է նաև՝

– Հայաստանի Հանրապետությունն ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը,

– Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը:

– Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

– Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

Սա է բովանդակությունը, որտեղ ցույց է տրվում ՀՀ ինքնիշխան իրավունքը, ինքնուրույն որոշումներ կայացնելու անհրաժեշտությունն ու կարողությունը, և, թե ինչպես կազմակերպի իր անվտանգային և պաշտպանական համակարգը, և այս դեպքում էական չէ՝ ում է ենթարկվում բանակը, եթե բանակի սահմանադրական պարտականությունները չեն փոխվում: Իսկ, առհասարակ, իհարկե, բանակի՝ ում կամ որ դեպքերում ենթարկվելը գործնականում և պատերազմական պայմաններում իր խնդիրներն ունի, բայց Նիկոլ Փաշինյանի ասելիքի թիրախում, բնավ, դրանք չէին:

Իսկ ինչ է ասում ՀՀ սահմանադրությունը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Այստեղ հատուկ շեշտվում է բանակի սուվերեն իրավունքը:

Ուստի Նիկոլ Փաշինյանը լավ կանի պատասխանի՝ ինչպե՞ս է, որ Հայաստանն ունակ չի լինում ստանալ իր անվտանգային մասնաբաժինն այն դաշինքից, որին անդամակցում է:

Կամ՝ ինչի՞ հիման վրա է Նիկոլ Փաշինյանը բանակի լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրներ սահմանում, զորքի հետքաշման հրամաններ արձակում, պահպանության տարածքի տեղ ու մասշտաբ որոշում, ավելին՝ որպես վարչապե՞տ, թե՞ գերագույն հրամանատար է զորքի հետքաշման հրամաններ արձակել, հատկապես, երբ դեռ քննարկման հարց է՝ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար լինելու իրավունք ունե՞ր:

Ի դեպ, Անկախության հռչակագրի և ՀՀ սահմանադրության, հատկապես Զինված ուժերի հետ կապված, այսպես ասած, բովանդակային հակասություններից խոսող Փաշինյանին հարկ է հիշեցնել, որ ՀՀ սահմանադրությունը հստակ սահմանում է՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է», մինչդեռ պատերազմից և ՀՀ զինված ուժերի հայտնի հայտարարությունից հետո Փաշինյանի իշխանությունը որոշեց փոխել բանակի կառավարման մոդելը և Գլխավոր շտաբի պետին դարձրին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, իսկ ԳՇ-ն էլ տարբեր կառուցվածքային փոփոխություններով թուլացրեցին:

168.am-ը գրել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ ուղիղ ենթակայությունից ՊՆ ուղիղ ենթակայությանն է անցել սպառազինության վարչությունը:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ինքը 2021 թվականի մայիսին Ադրբեջանի զորքի առաջխաղացման համատեքստում ակնարկել է, որ ՀՀ զինված ուժերին թույլ չեն տվել կատարել իրենց սահմանադրական պարտականությունը, այսինքն՝ հրահանգել է խախտել սահմանադրական և կանոնադրական պահանջները:

Նման օրինակներ շատ կարելի է գտնել, ընդ որում, դրանցից մեկն էլ 2020 թվականի պատերազմից հետո Սյունիքից զորքի հետքաշման հրամանն էր, երբ, ըստ նոյեմբերյան եռակողմի, հրադադարից հետո կողմերը պետք է կանգնեին իրենց զբաղեցրած դիրքերում:

Իսկ Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով Փաշինյանի ուղերձը, կրկնում ենք, վտանգավոր հետին մտքեր է պարունակում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *