«Եկեղեցին և յուրաքանչյուր ոք ստիպված է զբաղվել քաղաքականությամբ, որովհետև քաղաքականությունը զբաղվեց մեզնով». Արթուր Աթանեսյան

«Ես կուզեի, որ Հայաստանը լիներ մի զրահամեքենա, որում նստած մարդիկ միմյանց հետ կարողանում են բաշխել գործառույթներ, որպեսզի այդ մեքենան առաջ սլանալով՝ խնդիրներ լուծի: Ե՛վ նախկինում, և՛ այսօր այդ մշակույթը Հայաստանում քաղաքական ոլորտում չձևավորվեց: Անձնական և կորպորատիվ ամբիցիաները, որոնք բնութագրում են և՛ նախկին, և՛ ներկա քաղաքական ուժերին, թույլ չտվեցին, որպեսզի հայը մտածի պետության մասին, և ոչ թե որոշակի շահերի, խմբերի և դրանց բախումների մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը:

«Իրականությունն այն է, որ մենք փաստացի ունենք փոքրիկ տարածք, որ պատմության շարունակությունն ունենք այսօր, երբ մեր տարածքը դառնում է առևտրի օբյեկտ, ունենք իշխանություններ, որոնք շարունակում են հայկական քաղաքական մշակույթն այն առումով, որ մտածում են «ես»-ի և հետո «մենք»-ի մասին, և այդ պայմաններում ունենք անառողջ միջազգային արտաքին քաղաքական իրավիճակ, որը տանում է դեպի նոր բախումներ: Ես ցավով եմ մտածում այդ մասին, որ ԽՍՀՄ տարածքում մենք երևի ամենախոցելի պետությունն ենք այսօր, և այդ խոցելիությունը, իհարկե, պետք էր սեփական ջանքերով վերացնել, պետք էր ամրանալ: Ուժեղների հետ են համագործակցում: Այն փաստը, որ մեզ հետ այսօր շատ քչերն են ուզում հաշվի նստել, չի նշանակում միայն այն, որ նրանք են վատը, այլ այն, որ դու էլ լավը չես: Այսօր վատը նա է, ով մեզ չի՞ օգնում արտաքին միջավայրից, թե՞ մենք, որ այդ օգնությանն արժանի չենք դարձել և վստահելի գործընկեր չդառնալով՝ մշտապես մեզ տեղադրել ենք օբյեկտի տեղում: Խաղաղ պայմաններում այդ օբյեկտը, իհարկե, ստանում էր աջակցություն, բայց ոչ խաղաղ պայմաններում այդ աջակցությունից զրկվել է»,- ասաց նա՝ որպես օրինակ բերելով այն, որ Ռուսաստանն այսօր, բնականաբար, առաջին հերթին՝ պետք է մտածի Կուրսկի պաշտպանության մասին, և ոչ՝ Հայաստանի:

«Այս համատեքստը միշտ եղել է, և մենք հիշում ենք, որ, երբ զուգահեռաբար տեղի է ունեցել երկու պատերազմ՝ Կովկասում և Ղրիմում, Ռուսաստանը միշտ պահելու համար Ղրիմը՝ զիջել է Կովկասը: Ռուսաստանն այսօր լեգիտիմացնում է Ադրբեջանի ինքնիշխանությունը՝ համագործակցելով նրա հետ: Այն, որ Ադրբեջանը հավասար գործընկեր է ՌԴ-ի համար, ոչ միայն արտաքնապես ենք տեսնում՝ որպես ծես, այլ նաև սա պարզ է դառնում, երբ Ադրբեջանի շահերը դրվել են ավելի բարձր տեղում, քան Հայաստանի շահերը: Ավելին, Ադրբեջանի շահերը հստակ ձևակերպված են, և այդ ձևակերպմամբ Ադրբեջանը զբաղվել է վերջին տասնամյակներում, մինչդեռ ի՞նչ ենք մենք ուզում, ո՞վ ենք և ո՞ւր ենք գնում, այդ փիլիսոփայական, ռազմավարական հարցերի պատասխանը մինչև հիմա անորոշ է Հայաստանում և Հայկական սփյուռքում»,- ընդգծեց նա:

Արթուր Աթանեսյանը հիշեց Արևելագիտության ակադեմիայի ինստիտուտի փոխտնօրեն Պավել Չոբանյանի այն միտքը, որ Թբիլիսիում Գիտությունների ազգային ակադեմիայի շենքն ու պառլամենտը գտնվում են փողոցի նույն թևի վրա, իսկ Հայաստանում՝ դեմ առ դեմ, այսինքն՝ անգամ ճարտարապետական մտածողության մեջ դրված էր այն, որ իրենք համախոհներ չեն. «Մեր իշխանության կողմից մտավոր էլիտան ընկալվում է այդպես, որ քաղաքական իշխանական մարմինը և գիտական մտավոր ինստիտուտը պետք է հակառակորդներ լինեն: Դա պայմանավորված է վախով՝ ընդունել այն փաստը, որ որևէ իշխանություն ունակ չէ առանց աջակցության՝ ինքնուրույն ճիշտ և արդյունավետ որոշում ընդունել: Այդ փաստը որևէ իշխանություն Հայաստանում չի ցանկացել ընդունել: Կոմպլեքսավորված իշխանություններ, որոնք պարփակվել են դարպասների հետևում և ոստիկանությամբ իրենց շրջապատել: Գիտնականը և մտավորականը չէ, որ իրեն շրջապատել է ոստիկաններով և պատնեշներով. ԵՊՀ դռները միշտ բաց են, ԱԺ դռները՝ միշտ փակ»:

Նա նկատեց՝ երբ սպառողական մտածողությամբ սկսում ես մտածել պետության մասին, պետությունը դառնում է օգտագործելու օբյեկտ. «Մենք ուզում ենք այն սպառել՝ մաքսիմալ եկամուտ, օգուտ ստանալ պետությունից, բայց երբ դա չի լինում, ասում ենք՝ պետությունը վատն է, և թողնում-գնում ենք՝ հույս ունենալով, որ մեկ այլ պետությունում ավելի շատ ենք սպառելու: Այս մտածողությամբ տառապում են շատ մշակույթներ, բայց խնդիրն այն է, որ նույն քաղաքական ոլորտում պետք է ընտրվեն այն մարդիկ, ովքեր սպառմամբ չէ, որ կզբաղվեն՝ պաշտոնի սպառում, իշխանության օգտագործում՝ սեփական նպատակներով: Երբ քո ազգային մտածողության և մշակույթի մեջ արդեն առկա է շուկայական մտածողությունը, իսկ մեզ դա հատուկ է, և մենք առևտրական ազգ մասամբ եղել ենք և այսօր մեծամասամբ ենք դարձել… Այս իմաստով վարկավորմամբ բնակարան առնելու հիվանդագին միտումը, երբ մարդ նայում է՝ որտեղ է էժան, որ գնի, հետո վաճառի, և ոչ թե նայում է այդ բնակարանին՝ որպես մի տուն, որտեղ կուզի հետո ապրել և օջախ ստեղծել: Որպես օջախի՝ այդ բնակարանների մասին շատ քչերն են մտածում: Մտածում են՝ էժան գնել, պետությանը չտալ այդ հարկերը և օգուտ ստանալ. սա էլ է օգտապաշտական մշակույթ»:

Արթուր Աթանեսյանի խոսքով՝ իշխանության ոլորտում անհատապաշտություն դրսևորելը պետք է արգելված լինի Հայաստանում. «Համակարգը պետք է ունենա դա թույլ չտալու մեխանիզմ, օրինակ՝ համեստության մշակույթ սերմանելով և պահանջելով այն գործիչներից, ովքեր իշխանություն են ստանձնում, մասնավորապես՝ զրկելով իրենց, օրինակ՝ ծառայողական մեքենաներից: Դա մեթոդ է՝ պայքարելու անհատապաշտության դեմ՝ իշխանության ոլորտում: Կոլեկտիվիզմը շատ կարևոր է նաև ընդդիմության մտածողության համար»:

Նա խոսեց նաև մեղավորների փնտրտուքի մասին՝ նկատելով՝ մեղադրելը մեր մշակույթի մի մասն է, ինչը հակասում է քրիստոնեական արժեքներին. «Մենք շատ քրիստոնյա, բայց շատ մեղքեր գործող ազգ ենք. սա էլ է մեր հակասություններից: Նույն՝ սպառելով ԶԼՄ՝ զուգահեռաբար մտածում ենք, որ սա վատն է, նա վատն է, դատում ենք, իսկ ինչո՞վ ես դու լավը հարցը հազվադեպ ենք ինքներս մեզ տալիս: Այս իմաստով՝ իսկապես մեր մշակույթի մեջ է: Երբ չես ուզում ինքդ քեզ քննարկել և քննադատել, քո էներգիան ուղղում ես դեպի ուրիշը, սա կարծես պաշտպանական ռեակցիա է՝ երբ ուրիշներին ես քննադատում, թվում ես անմեղ: Պատկերացնենք, որ բոլորս դատավորներ ենք, և ոչ մեկս մեղավոր չէ, այս դեպքում ո՞վ է կոռուպցիայի, վատ կառավարման պատճառը, ո՞վ է մեր պարտությունների պատճառը: Ինձ՝ որպես մարդու, հոգեբանորեն շատ ավելի մոտ է այն հայը, ով ասում է, որ այս ամենի մեջ բոլորս ենք մեղավոր: Դա ճիշտ դիրքորոշում է, բայց ավելի ճիշտ դիրքորոշում կլինի հաջորդ քայլն անելը՝ բոլորս մեղավոր ենք, բայց ի՞նչ կարող եմ ինքս անել, որպեսզի ավելի լավը դառնա այս փոքրիկ իմ աշխարհը»:

Արթուր Աթանեսյանի գնահատմամբ՝ Եկեղեցին ինքնութենական մարմին է Հայաստանի և հայ ժողովրդի համար. «Մեր ինքնության ողնաշարներից մեկն է: Մենք շատ հաճախ եկեղեցու միջոցով ենք հաղորդակցվել արտաքին միջավայրի, Աստծո հետ՝ մեր ընկալումներով, իհարկե, և բարոյականության հետ: Շատ մարդկանց համար բարոյականությունը նույնանում է եկեղեցու և հավատքի հետ, և դա ճիշտ է:

Եթե խոսենք սպառողական մտածողության տեսանկյունից, այսօրվա սպառողը, նայելով եկեղեցու դերակատարմանը՝ հնում և այսօր, սկսում է քննադատել այն, որովհետև սպառողին ոչինչ դուր չի գալիս, եթե այն Amazon-ի, Yandex-ի կամ ինչ-որ այլ ընկերության նման չի մատակարարում դեպի քո բնակարանը, տունը, սեղանը այն ամենը, ինչ դու պատվիրել ես առցանց՝ տնից, ոչ մի ջանք չգործադրելով: Այսօրվա այդպիսի մարդը շատ վատ է վերաբերվում եղեկեցուն, որ եկեղեցին իսկապես չի մատակարարում ապրանքներ և ծառայություններ դեպի քո ստամոքսը, այդպիսին չէ հոգևոր արժեքը, այդպիսին չէ հոգևոր արժեք տարածող մարմնի դերը: Եկեղեցին պետության հետ կողք կողքի քայլող է, ես համաձայն չեմ այն հարձակումների հետ, որ՝ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ. Եկեղեցին միշտ զբաղվել է քաղաքականությամբ:

Վատիկանը որևէ մեկը չի փակել, այն զբաղվել է քաղաքականությամբ, այն կարդինալներն արտաքին գործերի նախարարներն են եղել եվրոպական պետություններում: Իսկ մեր եկեղեցին զբաղվել է քաղաքականությամբ այնքանով, որքանով որ ստիպված էր զբաղվել: Եկեղեցին այսօր ստիպված է զբաղվել քաղաքականությամբ: Յուրաքանչյուր ոք այսօր ստիպված է զբաղվել քաղաքականությամբ, որովհետև քաղաքականությունը զբաղվեց մեզնով: Եկեղեցին պետք է զբաղվի քաղաքականությամբ, ոչ թե՝ քաղաքական կարիերայով, այլ իմաստավորելով մեր կեցությունը ոչ արդյունավետ քաղաքական կյանքում և փորձելով առողջացնել, սատարել, կոորդինացնել մեր ջանքերը: Եթե Facebook-ն է զբաղվում քաղաքական նպատակների իրականացմամբ, ինչո՞ւ եկեղեցին չպետք է զբաղվի դրանով: Եկեղեցին պետք է բոլորիս, մենք պետք ենք եկեղեցուն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *