Տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ՝ աշխատավարձի աճի տեմպը Հայաստանում գնալով նվազում է։ Նախորդ տարվա բարձր աճերը, որոնք պայմանավորվեցին հիմնականում արտաքին գործոններով և հատկապես Հայաստան տեղափոխված ռուս ռելոկանտների որոշ խմբերի, մասնավորապես ծրագրավորողների բարձր վարձատրությամբ, թուլացել են։ Աշխատավարձերի ավելացման առումով այլևս նախկին ակտիվությունը չկա։
Պաշտոնական տվյալներով, հունիսին միջին աշխատավարձի աճը Հայաստանում կազմել է ընդամենը 3 տոկոս։
Խոսքը նախորդ տարվա համեմատ աշխատավարձի փոփոխության մասին է։
Մասնավոր հատվածում, որտեղ զբաղված են աշխատողների շուրջ 70 տոկոսը, աշխատավարձերի աճը նույնիսկ ավելի ցածր է՝ մեկ տարվա ընթացքում ավելացել է հազիվ 2,1 տոկոսով։ Դա էլ հիմնականում տնտեսության այն սահմանափակ ոլորտների հաշվին, որտեղ աշխատավարձերը սովորաբար բարձր են և ավելի արագ են բարձրանում։Հունիսին, նախորդ ամսվա համեմատ Հայաստանում նույնիսկ միջին աշխատավարձի նվազում է գրանցվել։
Նվազումը տեղի է ունեցել բացառապես տնտեսության մեջ զբաղվածների աշխատավարձերի տեսքով ստացվող եկամուտների նվազման հետևանքով։
Մասնավոր հատվածում միջին աշխատավարձի 1,1 տոկոս անկում է գրանցվել հունիսին՝ մայիսի աշխատավարձերի նկատմամբ։
Թող չթվա, թե դա պայմանավորված է եղել սեզոնային գործոններով։ Սեզոնային գործոններն այստեղ կապ չունեն։ Անցած տարվա նույն ամիսներին այդպիսի երևույթներ չկային։
Ընդհակառակը՝ սեզոնային գործոներով, մասնավորապես ամառային արձակուրդներով պայմանավորված, հակառակը պիտի լիներ, միջին աշխատավարձի աճ պիտի լիներ՝ նախորդ ամսվա նկատմամբ։ Բայց, ինչպես տեսնում ենք, տեղի է ունեցել միջին աշխատավարձի նվազում, ինչը նշանակում է, որ տնտեսական ոլորտի ազդեցություններն աստիճանաբար տեղափոխվում են աշխատավարձերի վրա։
Տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ, այս միտումը գնալով խորանալու է՝ մեծացնելով սոցիալական լարվածությունը։ Հատկապես որ, դա ուղեկցվում է բազմաթիվ առաջնային կարևորության ապրանքների համատարած թանկացումներով։
Որքան էլ պաշտոնապես Հայաստանում գնաճ գրեթե չկա կամ շատ ցածր է, սպառողներն ամենուրեք իրենց գրպանի վրա զգում են գնաճի ազդեցությունը։
Ժամանակին այս երևույթը Նիկոլ Փաշինյանն անվանում էր վիճակագրական աճպարարություն։ Վաղուց այլևս այդ մասին չի էլ խոսում, չնայած պաշտոնապես արձանագրվող ցածր գնաճի կամ գնաճի բացակայությանը, բազմաթիվ ապրանքներ կտրուկ թանկացել են։
Դա առավել տեսանելի է հատկապես գյուղմթերքների պարագայում։ Որոշ գյուղմթերքների գներն այս տարի այնքան բարձր են, որ դժվար է անգամ հիշել, թե վերջին անգամ, երբ են այդպիսին եղել ամառվա այս սեզոնին։
Գյուղատնտեսական սեզոնը մոտենում է ավարտին, իսկ բազմաթիվ առաջնային անհրաժեշտության գյուղմթերքներ այդպես էլ կարծես չեն էժանանում։
Մրգերի ընդհանուր գնաճն այս տարվա հուլիսին կազմել է 11,6 տոկոս։
Բանջարեղենինը նույնիսկ ավելի շատ՝ անցնում է 14 տոկոսից։
Առանձին գյուղմթերքների գներն այս տարի ռեկորդային բարձր են։ Օրինակ՝ լոլիկի գինը, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հուլիսին նախորդ տարվանից բարձր է եղել 36 տոկոսով, վարունգինը՝ ավելի քան 24 տոկոսով։ Կարտոֆիլի գնաճը հասել է գրեթե 27 տոկոսի։
Դժբախտաբար թանկացել են նաև այն բանջարեղներնը, որոնք ժամանակին Նիկոլ Փաշինյանն, իշխանություններին հեգնելով՝ առաջարկում էր փոխարինել կարագին ու գառան մսին։ Խոսքը՝ խառը կանաչու, սոխի ու սխտորի մասին է։
Խառը կանաչին այս տարի թանկ է ավելի քան 11 տոկոսով, սխտորը՝ շուրջ 14 տոկոսով, սոխը՝ 6 տոկոսով։
Գյուղմթերքների շուկաներում համատարած թանկացումներ են։ Բայց թանկացումները միայն գյուղմթերքներին կամ ընդհանրապես սննդամթերքին չեն վերաբերում։ Գնաճը, խոսքը միջին գնաճի մասին է, ավելի ակտիվ է ծառայությունների ոլորտում։ Եթե սննդամթերքի դեպքում, բազմաթիվ ապրանքների կտրուկ թանկացումների պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է ընդամենը 1 տոկոս, ապա ծառայությունների դեպքում՝ թանկացումների տեմպը երեք անգամ ավելին է։
Պաշտոնապես միշտ էլ կարող է հայտարարվել, որ Հայաստանում գնաճը ցածր է կամ գրեթե չկա։ Բայց այն, որ վերջին տարիներին Հայաստանում համատարած ամեն ինչ թանկացել է, բոլորն են ասում։ Եվ ոչ միայն տեղացիները, այլև օտարները։
«Ցածր» գնաճի պայմաններում, որքան էլ կարող է տարօրինակ լինել, Հայաստանը դարձել է տարածաշրջանի ու Եվրասիական տնտեսական միության, գուցե նաև աշխարհի՝ ապրելու համար ամենաթանկ երկրներից մեկը։ Դրա համար շատերը խուսափում են Հայաստան գալուց։ Եկողներն էլ նախընտրում են երկար չմնալ, ինչպես եղավ ռուս ռելոկանտների պարագայում։ Նրանցից շատերը նախընտրեցին հեռանալ՝ համարելով, որ կյանքը Հայաստանում չափազանց թանկ է, գները՝ բարձր։
Վերջին տարիներին ապրելը Հայաստանում շատ է թանկացել՝ ի տարբերություն հարյուր-հազարավոր քաղաքացիների եկամուտների ավելացումների ու դրա պատճառը ինչպես իշխանությունների կողմից իրականացվող հարկային բեռի ծանրացման քաղաքականությունն է, այնպես էլ նախկինից եկած բարձր գնաճը։ Հատկապես այն շուկաներից եկած գնաճը, որոնց ազդեցությունն առավել մեծ է սպառողների վրա։ Մինչև վերջերս այդ ազդեցությունն ինչ-որ առումով գուցե հնարավոր էր մեղմել աշխատավարձերի ավելացման հաշվին։ Բայց ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում այդ գործոնի դերն էլ գնալով նվազում է։
Միջին աշխատավարձի աճի տեմպը էապես ընկել է։ Բազմաթիվ ապրանքների արձանագրվող թանկացումների պայմաններում դա բերելու է սոցիալական լարվածության խորացման։ Հատկապես որ, հասարակության բավական մեծ հատվածի մոտ այս ընթացքում ինչպես աշխատավարձերի, այնպես էլ ընդհանրապես եկամուտների փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Սպասումներ չկան նաև առաջիկայում՝ հաշվի առնելով այն տնտեսական ու ֆինանսական խնդիրները, որոնք գնալով գլուխ են բարձրացնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ