Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչի՞ց է վախենում կամ զգուշանում, որ չի խոսում արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, և ինչի՞ց է վախենում կամ զգուշանում, որ հարց չի բարձրացնում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մնացած բոլոր գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին՝ դա դարձնելով միջազգային հանրության օրակարգային մաս, պատասխանեց, որ Արցախ վերադարձի հարցն իրատեսական չի համարում։
«Ես աշխատանքային այցով Վայքում էի, ԼՂ-ից բռնի տեղահանված մի կին ինձ մոտեցավ և հարց տվեց՝ ուզում եմ Դուք անկեղծ ասեք, թե ինչքանո՞վ է իրատեսական վերադարձի հարցը։ Ես կրկին նույն պատասխանը տվեցի, որ այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցը ներկայացնել և փաթեթավորել, նկատի ունեմ բովանդակությունը, ես դա իրատեսական չեմ համարում և ես չեմ կարող խաբել՝ էն նույն պատճառներով, որ այդ նույն մարդիկ ստորագրեցին ԼՂ լուծարման մասին հրամանագիրը և րոպե առաջ լքեցին ԼՂ-ն։
Վերջերս թեմային ԱԺ-ում անդրադարձել եմ, այդ ամենը փաստագրված է, եկեք վերադառնանք 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններ, երբ սոցիալական ցանցերում, հատկապես՝ ընդդիմության ներկայացուցիչների կողմից, նույնիսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից կար մեղադրանք, որ ես թույլ չեմ տալիս, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա ԼՂ-ից։ Եվ հիմա մի տարի հետո էլ ասում են, թե ես թույլ չեմ տալիս, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա ԼՂ, ինչպես Դուք եք ասում, չեմ բարձրաձայնում այդ հարցը, որովհետև ասացի՝ ինչու։ Իսկ այն փաթեթավորումը, այն բովանդակությունը, որը ներկայացվում է, իմ համոզմամբ, հակասում է ՀՀ պետական շահերին։ Ո՞նց եմ չափում ՀՀ պետական շահը, ՀՀ պետական շահը չափում եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներով և իրավազորությամբ։ Եվ սա մենք պետք է ուղիղ ասենք։ Ուղիղ կամ անուղղակի որևէ ձևով ես նախկինում այս թեմային անդրադարձել եմ, որովհետև կարծում եմ, որ մենք ինչ-որ առումով ինքներս մեր անցած ճանապարհը պետք է վերագնահատենք։ Այդ ճանապարհը վերագնահատելով՝ ասում եմ, ասել եմ ԱԺ ամբիոնից, ինձ համար ակնհայտ է, որ 1996 թվականից հետո Լիսաբոնի գագաթնաժողովից հետո կամ այդ շրջանում, դրանից առաջ ԼՂ հարցը չի եղել ԼՂ, այլ եղել է ՀՀ-ի հարց, ՀՀ պետականությունը զրոյացնելու հարց, և ժամանակի մեջ ես դրանում ավելի եմ համոզվել։ Ձեր հարցի ուղիղ պատասխանն է, որովհետև այն բովանդակությունը, որով փորձ է արվում ներկայացնել այդ խնդիրը, հակասում է ՀՀ պետական շահերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այս հարցին ամբողջական պատասխան է տվել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ հստակ ասելով, որ եթե Հայաստանը չզբաղվի Արցախի հարցով, Արցախը կզբաղվի Հայաստանի հարցով։ Նկատի ունենալով, որ Հայաստանին, որպես տարածաշրջանում կշիռ ունեցող սուբյեկտ,ընկալում են՝ որպես Արցախի հարցի մոդերատոր և ջատագով։
Առհասարակ Արցախի և արցախահայերի հարցը որևէ կերպ չի կարող վտանգել Հայաստանի Հանրապետությանը»,-168.am-ի հետ զրույցում նշեց Հակոբ Հակոբյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունն այս պահին չի կարող դրսևորել կամային հատկանիշներ, պահանջներ ներկայացնել Ադրբեջանին՝ արդարանալով, թե այդպես է վարվում, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա։ Սակայն իշխանությունը մեկ պարզ բան չի հասկանում՝ անկախ ՀՀ-ում քննարկվող օրակարգից, Ադրբեջանն ունի իր հստակ ծրագիրը՝ Հայաստանն առանց հայերի ունենալը։
«Ադրբեջանի իշխանությունը, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների,առաջնորդվում է իր երկրի շահերով, և այն պահին, երբ իրեն անհրաժեշտ լինի, իր գործողություններն անելու է։
Ցավոք, այսօրվա մեր իշխանությունները նման քաղաքականություն են վարում, նրանք մտածում են, որ պետք է լուռ մնան, և սա վերաբերումէոչ միան Արցախի հարցին, այլ առհասարակ ՀՀ շահին։
Ալիևը վարում է հանցագործ քաղաքականություն, իսկ ՀՀ իշխանությունն ուզում է նրան սիրաշահել, այսինքն՝ Արցախի հարցն առհասարակ փակելով՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է սիրաշահել Ալիևին»,-հավելեց Հակոբ Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ 30 տարի շարունակ Արցախի Հանրապետություննանվտանգային վահան էր Հայաստանի համար, և այն ժամանակ նախկին իշխանությունները դա շատ լավ էին հասկանում. Արցախն էր պաշտպանում Հայաստանին։ Այսօր, կորցնելով Արցախը,տեսանելի է,թե ինչ իրավիճակում հայտնվեց Հայաստանը։
«Տեսեք, թե Արցախը հանձնելուց հետո Ադրբեջանի զորքերը մինչև ուր հասան։
Արցախահայերի հարցը պետական մակարդակով կբարձրաձայնվի այն ժամանակ, երբ ՀՀ-ում լինեն ազգային իշխանություններ։ Իսկ ազգային իշխանություններ ձևավորելու համար անհրաժեշտ է, որ այս իշխանությանը հեռացնեն ղեկավարման ղեկից։ Միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո Արցախ վերադառնալու երազանքի ճանապարհը կարող է նշմարվել»,-եզրափակեց Հակոբ Հակոբյանը։